Դեկտեմբերի 18-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձավ 80 տարեկան:
Այդ տարիքում կոնկլավում պապին ընտրած կարդինալները կորցնում են ձայնի իրավունքը: Պապական գահը այլևս ցմահ առանձնաշնորհ չէ և Ֆրանցիսկոս պապը ինչ-որ պահի կարող է հանգստի անցնել՝ հետևելով Բենեդիկտոս XVI-ի օրինակին, որ 89 տարեկանում հանգստի է անցել Վատիկանում: Պապի կոնդակի համաձայն՝ եկեղեցու բոլոր բարձրաստիճան սպասավորները, որ աշխատում են Վատիկանում, մեխանիկորեն կորցնում են աշխատանքը 80 տարեկան դառնալով: Բայց Ֆրանցիսկոս պապի վրա դա չի տարածվում: Չնայած նախկինում նա ակնարկել է, որ իր պոնտիֆիկատը կարող է կարճ լինել, բյուրոկրատական համակարգի չավարտված բարեփոխումը դեռ մի քանի տարի պահանջում է նրա ներկայությունը Վատիկանում: Հոգևորականների նոր սերնդի և եկեղեցու հիերարխիկ աստիճաններով նոր եպիսկոպոսների ու կարդինալների հետագա առաջընթացը ըստ Ֆրանցիսկոս պապի՝ «եկեղեցին աղքատների համար» գաղափարի, դանդաղող գործընթաց է:
Առայժմ պապին հաջողվել է փոխել ընտրիչների կոլեգիայի մեկ երրորդը, որ ի վերջո ընտրելու են իր հաջորդին: Վատիկանը ղեկավարողները Ֆրանցիսկոս պապի այդքան միմյանցից տարբեր նախորդների՝ Հովհաննես Պողոս II-ի և Բենեդիկտոս XVI-ի օրոք, առաջվա պես ավելի շատ են նրանցից, ում բերել է Ֆրանցիսկոս պապը: Պապի առողջությունը, կարծես, վատ չէ, թեպետ երիտասարդ օրերին նա հիվանդության հետևանքով կորցրել է մեկ թոքը: Նա հոդատապ ունի և Վատիկանում պատարագների ժամանակ երբեմն հենվում է արարողապետի բազկին: Իսկ ընդհանրապես նա առողջ ու կենսախինդ է երևում, հազվադեպ է հանգստյան օր վերցնում, նույնիսկ ամառային երկար արձակուրդների ժամանակ, որ ընդունված են Վատիկանում: Նա բնակություն չհաստատեց ընդարձակ պենտհաուսում, ուր 100 տարի ապրել էին իր նախորդները և բավարարվեց Վատիկանի հյուրատան սենյակով: Նա բարեհոգի վերաբերմունք դրսևորեց Կաստելո Գանդոլֆո դղյակի նկատմամբ, որ նախկինում պապերի ամառային դաստակերտն էր, իսկ հիմա թանգարան է դարձել: Երկու տարի առաջ Ֆրանցիսկոս պապի ծննդյան օրը կաթոլիկ զույգերը տանգո էին պարում Սուրբ Պետրոսի հրապարակի սալահատակին՝ ի պատիվ Արգենտինայում ծնված պապի: Այսօր 120 կարդինալներից ոմանք հայտարարում են, որ պապը ավանդական կաթոլիկության հետ հաշտ չէ, իսկ գուցե և դադարել է ճանաչել կաթոլիկ հավատի էությունը: Նրանցից չորսը՝ Իտալիայից, ԱՄՆ-ից ու Գերմանիայից, նույնիսկ մեղադրում են Ֆրանցիսկոսին հավատացյալների շրջանում տարաձայնություններ սերմանելու մեջ և պահանջում են, որ նա բացատրի իր տեսակետները Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական դրույթների վերաբերյալ միասեռական ամուսնությունների և բաժանված զույգերի երկրորդ անգամ ամուսնությունների հարցում: Սակայն նա չի պատասխանում՝ այդ քննադատությունը նրան չի անհանգստացնում: Նա հայտարարում է, որ «իրեն չեն խանգարում քնել» կասկածները իր կառավարման վերաբերյալ և դրանք անվանում է «մանրախնդիր հայացքներ»: Պապը կարողանում է եզակի ուղիղ և անկեղծ բացատրել իր տեսակետները թե մեծ հանրությանը, թե առանձնազրույցներում: Հաճախ է Ֆրանցիսկոս պապը մի կողմ դնում գրավոր տեքստը ու խոսում բանավոր: Երբ նա խոսում է իսպաներեն կամ իտալերեն, իրեն առավել մատչելի լեզուներով, առաջվա նման օգտագործում է Բուենոս Այրեսի բարբառին հատուկ տպավորիչ ու հյութեղ արտահայտություններ:
Ի տարբերություն իր լեհ և գերմանացի նախորդների՝ Ֆրանցիսկոս պապը չորս տարի դիմակայում է հայրենիք՝ Արգենտինա մեկնելու գայթակղությանը: 2017-ի նրա այցերի ծրագրում Պորտուգալիան է, ասիական մի քանի պետություններ, ներառյալ Հնդկաստանը, երկու գերազանցապես մուսուլմանաբնակ երկրներ՝ Ինդոնեզիան ու Բանգլադեշը, գուցե նաև նա արագ այց կատարի Կոլումբիա՝ նշելու քաղաքացիական երկարատև պատերազմի ավարտը:
Առայժմ հասկանալի չէ՝ ինչ ժառանգություն կթողնի Վատիկանում Ֆրանցիսկոս պապը իրենից հետո, բարեփոխումները դանդաղ են: Կարդինալների խորհրդակցական խորհուրդը՝ կառույց, որ պապը սահմանեց Վատիկանից դուրս՝ Սուրբ Աթոռի բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն ունենալու համար, երեք ամիսը մեկ հավաքվում է, սակայն արմատական որոշումներ դեռ չի ընդունել:
Վատիկանի բանկը հարկադրված էր նոր կյանք սկսել և հրապարակել իր ծախսերը՝ խոստանալով խուսափել փողերի լվացման մեղադրանքներից: Առաջին անգամ Վատիկանի հաշվեհամարները ենթարկվեցին մասնագիտական աուդիտի: Ֆրանցիսկոս պապի օրոք ստեղծվել է ևս մեկ հատուկ հանձնաժողով՝ հետաքննելու կաթոլիկ հոգևորականներին ներկայացված մանկապղծության մեղադրանքները և ապագայում այդ հանցանքի զոհերին պաշտպանելու համար: Վերափոխվեց նա Վատիկանի մամլո ծառայությունը: Առանցքային հարցը, սակայն մնում է՝ կկարողանա՞ աշխարհում առաջին պապը, որ գահակալության անուն վերցրեց միջնադարյան սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու՝ ասկետի և աղքատների միաբանության հիմնադրի անունը, գահ բերել Ֆրանցիսկոս II: Միանգամայն հասկանալի է, որ Հռոմի հաջորդ պապի ընտրությունը դառնալու է դաժան պայքարի ասպարեզ և աշխարհը կարող է տեսնել այնպիսի կոնկլավ, որ դեռ ոչ ոք չի տեսել:
Դևիդ ՈՒԻԼԼԻ, BBC
Հ.Գ. Ինչ կոնկլավ էլ Սիքստինյան կապելլայում փակվի՝ պապ ընտրելու, միևնույն է, սպիտակ ծուխը դուրս է գալու Սուրբ Պետրոսի տաճարի ծխնելույզից: Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները անգլիացու աչքով կարող են այդքան էլ համոզիչ չթվալ: Երևանում ու Գյումրիում մենք տեսանք Հռոմի պապ, որ ունակ է գրավոր ելույթները մի կողմ դնել ու բանավոր խոսել, որ ունակ է իր որոշումներից չհրաժարվել և պատասխանատու է կաթոլիկ հավատացյալների համար համայն աշխարհում, ու ամենակարևորը՝ գիտի սիրել, իսկ սերը Աստծո պարգև է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ